«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը գործակցում են՝ Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները պահպանելու համար

2016 թվականի հուլիսին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի ամբողջ տարածքում՝ մասնավորապես, նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը:

Գործակցության շրջանակում կողմերն աջակցում են ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք նախաձեռնությունների, որոնց նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Այսպես, ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման են թողել Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնք: 2016-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ուժերով վերակառուցվել է Հայանիստ համայնքի այդ ժամանակ չմշակվող գյուղատնտեսական տարածքի ոռոգման համակարգը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարում է վերականգնվել: Խողովակների կառուցման աշխատանքերն ավարտվել են սեպտեմբերին, և գյուղացիներից շատերն արդեն հասցրել են ձմռանն ընդառաջ իրենց հողատարծքները ջրել, իսկ մնացածներն անհաբերությամբ սպասում են գարնան գալուն, որպեսզի իրենք էլ մշակեն իրենց հողերն ու արդեն ամռանն ու աշնանը բերք ստանան: Նրանք հիմա վստահ են՝ պատշաճ ջրամատակարարումը մեծ փոփոխություններ կբերի՝ հողերի բերրիությունը վերականգնելու հնարավորություն տալով:

Հաջորդ փուլում 20 ձկնաբուծարանում վերահսկման և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգեր կտեղադրվեն, ծրագրի շրջանակում էլ կընդգրկվի ստորգետնյա ջրային ռեսուրսների պակաս ունեցող ավելի մեծ տարածք:

Ջրային ռեսուրսների կառավարումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքային ուղղություններից է: Նախորդ 20 տարվա ընթացքում ընկերությունն իրականացրել է մի շարք նախագծեր՝ նպատակ ունենալով բարելավել երկրում ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հասարակության շրջանում բարձրացնել դրա կարևորության մասին տեղեկացվածության մակարդակը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն օրինակ է ծառայում՝ նվազագույնի հասցնելով բնական պաշարներից օգտագործվող ջրի քանակն ու իր շշալցման գործարանում օգտագործելով ջրի տնտեսման տեխնոլոգիաներ: