«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը Հայաստանի խոշոր գործատուներից է

 

 

 

Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը` աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը, որն առաջարկում է որակյալ ըմպելիքների լայն ընտրանի: Այս տարիների ընթացքում ընկերությունը մեծ հաջողությունների է հասել տեղական շուկայում՝ առաջատարը դառնալով ամենօրյա սպառման ապրանքների սեկտորում և նպաստելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: 

Ընկերության հաջողության բանալին, ինչպես ղեկավարությունն է ասում, մարդիկ են: Ամեն օր նրանք միավորում են իրենց ջանքերը, որպեսզի ընկերությունը հասնի իր բիզնես նպատակներին, իսկ սպառողներն ամբողջ երկրում հնարավորություն ունենան ձեռք բերելու իրենց սիրելի զովացուցիչ ըմպելիքները: 

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կադրերի հավաքագրմանն ու իր աշխատակիցների մասնագիտական աճին: 340 աշխատողներից յուրաքանչյուրը բացառիկ տեղ է զբաղեցնում ընկերությունում, և յուրաքանչյուրի աշխատանքը՝ սկսած առաքիչից մինչև գործադիր տնօրեն, հավասար կարևոր է: Լինելով «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի ընտանիքի անդամն ու մշակույթի կրողը, ընկերությունը գնահատում է իր աշխատակազմի ոչ միայն մասնագիտական փորձառությունը՝ թիմում աշխատելու ունակությունը, սովորելու և զարգանալու ձգտումը, անձնական արժեքները, այլև սերը «Կոկա-Կոլա» ընկերության արտադրանքի նկատմամբ: Ընկերության աշխատողներն ընտրվում են բացառապես մրցութային հիմունքներով: Կախված պաշտոնից՝ թեկնածուներն անցնում են թեստերի ու հարցազրույցների մի քանի փուլ: 

Կոմերցիոն, մատակարարման շղթայի և օժանդակող ենթաբաժիններն ապահովում են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության անխափան աշխատանքը: Կոմերցիոն ենթաբաժինը պատասխանատու է շուկայական ռազմավարության մշակման, ինչպես նաև ավելի քան 12,000 սպառողների հետ բանակցելու և հաղորդակցություն պահպանելու համար: Մատակարարման շղթան ընդգրկում է հումք ձեռք բերելուց մինչև վերջնական շշալցված արտադրանքը վաճառքի կետեր առաքելու ամբողջ գործընթացը: Թե՛ հումքի, թե՛ արտադրանքի որակի հսկողությունը, ինչպես նաև ապրանքի արտադրությունն ու պահեստավորումը ևս իրականացվում են այս մասնագետների կողմից: Օժանդակ ենթաբաժինները զբաղվում են ֆինանսական կառավարմամբ, անձնակազմի կառավարմամբ, ներքին և արտաքին հաղորդակցությամբ, ինչպես նաև ընկերության իրավական գործունեությամբ: 

Աշխատակիցների մասնագիտական աճն ընկերության նպատակներից մեկն է, և այն ձգտում է մի շարք հնարավորություններ ընձեռել իր աշխատողներին՝ իրենց մասնագիտական փորձն ընդլայնելու և հաջողակ կարիերա ստեղծելու համար: Ամեն տարի՝ տարեկան արդյունքների գնահատման ժամանակ, աշխատակիցները կազմում են անհատական զարգացման ծրագրեր: Ընկերության լավագույն աշխատակիցները ստանում են հատուկ զարգացման ծրագրերի, վերապատրաստման դասընթացների և հաջողակ ղեկավարների կողմից փորձի փոխանակման ծրագրերի մասնակցելու հնարավորություն: Աճի հնարավորություններ կան նաև Հելլենիկ խմբի այլ մասնաճյուղերի բիզնես ստորաբաժանումներում: